Անսեռ բազմացում

Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Անսեռ բազմացումը հատուկ չէ միայն միաբջիջ օրգանիզմներին։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։ Անսեռ բազմացման ժամանակ օրգանիզմները առաջացնում են գենետիկորեն նույնական կրկնօրինակներ՝ առանց այլ օրգանիզմի գենետիկական նյութի միջամտության։ Բակտերիաները բաժանվում են ուղղակի բաժանման միջոցով, վիրուսները բազմանում են տեր բջջի հաշվին, հիդրաները և խմորասնկերը՝ բողբոջմամբ։ Անսեռ բազմացման այլ եղանակներ են կուսածնությունը կամ պարթենոգենեզը, հատվածավորումը և սպորառաջացումը։

Սեռական բազմացում

Սեռական բազմացման էվոլյուցիան կենսաբանների համար մեծ գաղտնիք է։ Սեռական բազմացման դեպքում օրգանիզմների միայն 50% -ն է բազմանում, օրգանիզմները հաջորդ սերունդներին են փոխանցում սեփական ժառանգական տեղեկատվության ընդամենը 50%-ը։

Սեռական բազմացման ժամանակ սովորաբար անհրաժեշտ է երկու մասնագիտացած օրգանիզմների կամ դրանց հատուկ բջիջների փոխհարաբերություն, որոնք անվանվում են գամետներ և պարունակում են այդ օրգանիզմների մարմնական բջիջների քրոմոսոմի հավաքակազմի կեսը։ Այս գամետները սովորաբար ձևավորվում են մեյոզի հետևանքով։ Սեռական բազմացման դեպքում հիմնականում արական առանձնյակը բեղմնավորում է նույն տեսակի իգական առանձնյակին՝ ձևավորվում է բեղմնավորված բջիջ՝ զիգոտ։ Սրա արդյունքում առաջանում են սերունդներ, որոնց գենետիկական հատկանիշները ծագում են ծնողական հատկանիշներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *