Արշակ II- 350-368

Արշակ Բ-ն գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին: Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն:

353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը:

Պայքար սկսվեց նախարարական տների ներսում: Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը: Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում):

Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել ավատատիրական ճնշումից դժգոհ տարրերին: Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը: Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ աշխատավորները: Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում: Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել դատական պատասխանատվությունից: Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ: Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին:

Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին: Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց: Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել: Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար: Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց:

Արշակ Բ-ի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով: Թե’ Հռոմը և թե’ Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Հայաստանի ռազմուժի վճռորոշ լինելը այս կամ այն կողմին դաշնակցելու դեպքում, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին: Նա սակայն մնում էր չեզոք՝ շեշտը դնելով Հայոց թագավորության հզորությունն ամրապնդելու վրա: Այսուհանդերձ, Հայոց երկիրը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց:

Ի վերջո, ելնելով ուժերի հարաբերակցությունից, Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: 363թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև Տիզբոն: Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա: Սակայն Հուլիանոսը կռիվներից մեկում զոհվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց ամենանվաստացուցիչ պայմաններով: Հայաստանի համար ամենավտանգավորն այն էր, որ կայսրությունը պարտավորվում էր պարսկական արշավանքի դեպքում Հայաստանին չօգնել: Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»:

364թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Հայոց թագավորության վրա: Թշնամին մտնում է Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց թագավորների դամբարանը: Քանդել չհաջողվեց միայն Սանատրուկի գերեզմանը: Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Այրարատյան դաշտ, որտեղ ջախջախվեց հայկական բանակի կողմից: Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում:

Հայ-պարսկական հիշյալ պատերազմը տևեց 4 տարի: Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր: Սակայն ուժերն անհավասար էին և ավելի փոքր Հայաստանի ուժերն սկսեցին սպառվել: Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը: Չնայած այդ բոլորին, հայկական բանակը շարունակում էր հարվածներ հասցնել պարսից բանակներին և դուրս քշել երկրից:

Քաջ գիտակցելով, որ Հայոց թագավորության ուժերը նշանակալիորեն թուլացել են, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:

Արշակ Բ-ն մեծ հայրենասեր էր, որն ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար: ժողովուրդը նրան նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:

Պապ թագավոր- 370-374

Արշակի ձերբակալումից հետո պարսկական զորքերը 367թ. կրկին ներխուժեցին Հայաստան: Հայոց թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում: Երկու դավաճան հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով Փառանձեմի ծանր կացությունը, որոշում են օգնել նրան: Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ խայտառակ ջարդ է տալիս ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանքով ուղարկվում է հռոմեացիների մոտ:

Շապուհը, ահավոր զայրացած, նոր բանակ ուղարկեց Հայաստան: Երբ թվում էր, թե դրան նույնպես սպառնում էր առաջինի ճակատագիրը, Արտագերսում համաճարակ սկսվեց: Երբ Արտագերսը գործնականում զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին: Այնուհետև պարսիկները Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին Հայոց թագավորության խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն: Վերջիններիս բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան:

Պապը հայտնվեց ծանր կացության մեջ: Բարբարոսական ցեղերի հարձակումների պատճառով հռոմեացիները չէին կարողանում օգնական ուժեր տրամադրել, իսկ պարսիկներն ավերում էին երկիրը: Պապը փորձեց լեզու գտնել Շապուհ Բ-ի հետ, սակայն Վաղես կայսրը 370թ. հնարավորություն ունեցավ զորք ուղարկելու Հայաստան՝ Պապի և Վասակ Մամիկոնյանի որդի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հայկական զորամասերի հետ միասին: Մի շարք ճակատամարտերում հաջողության հասնելով՝ հայ-հռոմեական բանակները Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ 371թ. Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում փայլուն հաղթանակ տարան պարսկական զորքերի նկատմամբ:

Պապը, չնայած պատանի հասակին, հանդես բերեց պետական մեծ գործչի անուրանալի հատկություններ: Նա ձեռնամուխ եղավ պարսկական արշավանքների ընթացքում Մեծ Հայքից անջատված երկրամասերի միավորմանը և թագավորության տարածքային ամբողջականության վերականգնմանը: Մուշեղ Մամիկոնյանին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել Հայոց թագավորության մինչպատերազմյան սահմանները, պատժել անհնազանդ նախարարներին և հայկական հողերին աչք տնկած Վիրքի ու Աղվանքի թագավորությունները:

Պատերազմից երկիրը տնտեսապես խիստ տուժել էր և թուլացել: Երիտասարդ միապետից պահանջվում էին գերմարդկային ջանքեր թագավորության տնտեսությունը վերականգնելու և ռազմական կարողությունը նախապատերազմյան վիճակին հասցնելու համար: Արշակ Բ-ի ու նախարարների հակադրության դառը հետևանքները հաշվի առնելով՝ Պապը խուսափեց երկիը վերաշինել նախարարներին հարկի տակ դնելով: Նա աշխատեց դա կատարել եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելու ճանապարհով: Թագավորական հրովարտակով բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճարվող տասանորդից և պտղիից: Դեռևս Տրդատ Մեծի օրոք հոգևորականությանը տրված 7 բաժին հողից 5-ը հարքունիս գրավվեց և բաժանվեց զինվորներին: Խիստ կրճատվեց հոգևորականների թիվը: Հոգևորականների դասը թողածները և հոգևորականների ազգականները զորակոչվեցին բանակ: Դրա շնորհիվ գործող բանակի զինվորների թիվը շուտով հասավ 90 հազարի:

Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել: Վիճակը շտկելու համար թագավորի հրամանով փակվեցին դեռևս Ներսես Մեծի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները: Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց: Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք պահվում էին պետության և եկեղեցու միջոցներով:

Պապի քաղաքականությունը, որի միակ նպատակը Հայոց թագավորության հզորության վերականգնումն էր, առաջ բերեց նախարարների մի մասի և եկեղեցու սպասավոոների ատելությունը: Պապին սկսում են մեղադրել անգամ Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու մեջ, մինչդեռ նա մահացել էր թոքերի հիվանդությունից: Սակայն նրա հեղինակությունը մեծ էր երկրռւմ, հատկապես ժողովրդական զանգվածների շրջանում: Ուստի բնավ պատահական չէ, որ հռոմեական պատմիչ Ամիանոսը նրան բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք իշխողի:

Հայոց թագավորության ուժեղացմանն ուղղված Պապի քայլերը և անկախ քաղաքականությունն առաջ բերեցին հռոմեական արքունիքի խիստ դժգոհությունը: Նպատակ ունենալով Պապին գահընկեց անել՝ կայսրը նրան բանակցությունների պատրվակով հրավիրեց Տարսոն: Սակայն Հայոց թագավորը, պարզելով կայսեր նպատակը, իր 300 թիկնապահներով փախուստի դիմեց ու վերադարձավ Հայաստան՝ ուրախությամբ ընդունվելով ժողովրդի կողմից: Կայսրն ստիպված եղավ ներողություն խնդրել տեղի ունեցած «թյուրիմացության» համար, իսկ Պապն էլ ձև արեց, թե ոչինչ չի պատահել:

Հայ-հռոմեական հակասությունների հետագա սրման համար պատճառ դարձան Ներսեսի մահից հետո նոր կաթողիկոսի ձեռնադրությունը և Պապի կողմից հայ-պարսկական հարաբերությունները կարգավորելու փորձերը: Սկզբում Պապը փորձեց կաթողիկոս ձեռնադրվելու համար Կեսարիա ուղարկել իր թեկնածուին, որին տեղի միտրոպոլիտը եկեղեցուց վտարեց: Համոզվելով, որ կաթողիկոսի ընտրությանը հռոմեական արքունիքն ու եկեղեցին միշտ միջամտելու են, Պապը դիմեց արմատական քայլի: Հուսիկ Աղբիանոսյան եպիսկոպոսին նա այլևս Կեսարիա չուղարկեց: Նրան կաթողիկոս ձեռնադրեցին հայոց եպիսկոպոսները: Նույնիսկ այսօր դժվար է գերագնահատել կատարվածը: Պապի այդ արմատական քայլի շնորհիվ Հայոց եկեղեցին դարձավ անկախ, ինքնագլուխ և բռնեց ազգային հոգևոր հաստատության վերածվելու ճանապարհը:

Հռոմեական արքունիքը դժկամորեն ընդունեց Հայոց կաթողիկոսի Հայաստանում ձեռնադրվելու փաստը: Բացի այդ, Հռոմի ու Պարսկաստանի միջև խուսանավելու և հավասարակշռություն ստեղծելու Պապի քայլերը, որոնք ուղեկցվում էին հայ-պարսկական հարաբերությունների բարելավմամբ, խիստ անհանգստացրին կայսերը: Նրա գործակալները, որոնք գտնվում էին Հայաստանում և հետևում էին Պապի ամեն քայլին, հանձնարարություն ստացան սպանելու Հայոց թագավորին: Հռոմեական զորքերի հայաստանյան հրամանատարը 374թ. նրան հրավիրեց խնջույքի, որտեղ Պապը սպանվեց հռոմեացի զինվորների կողմից: Թագավորեր Պապը ևս գոնե երկու տասնամյակ, թերևս կկարողանար այնքան զորեղացնել ու կենսունակ դարձնել Հայոց թագավորությունը, որ V դ. 20-ական թթ. այն չէր ընկնի: Ցավոք, Պապի սպանությամբ Մեծ Հայքի թագավորությունը զրկվեց իր երիտասարդ տաղանդավոր թագավորից, իսկ նրա հաջորդներն ի վիճակի չեղան շարունակելու նրա սկսած հայրենանվեր գործը:

Հայոց պետության կենտրոնացման ու թագավորական կենտրոնաձիգ իշխանության ամրապնդման, երկիրը ռազմականապես հզորացնելու՝ Արշակ Բ-ի ու Պապի և նրանց նախորդների փորձերը ձախողվեցին: Պատճառը ոչ միայն ավատականացած նախարարության պառակտիչ գործունեությունն էր, այլև Հռոմի ու Պարսկաստանի՝ երկրի ներքին գործերին մշտապես միջամտելու և Հայաստանն իրենց ենթարկելու քաղաքականությունը:

Վարազդատ- 374-378

Սեփական պետության մեջ Պապ թագավորի սպանությունը սառը ցնցուղի տպավորություն թողեց Հայաստանում: Նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել Պարսկաստանի հետ և թագավորի սպանության համար Հռոմից վրեժ լուծել: Սակայն հատկապես հռոմեամետ նախարարները, որոնց մեջ էին նաև Պապին դավադրածները, աշխատում էին մյուսներին համոզել, որ Հայոց թագավորությունը ոչ կարող է պարսիկների գերիշխանությունն ընդունել, ոչ էլ միաժամանակ երկու տերությունների հետ թշնամանալ: Իր հերթին, հռոմեական կայսրը Հայոց թագավորի սպանության մեջ «մեղադրեց» իր զորավարին և Հայաստան թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378թթ.): Նա մարմնով հզոր երիտասարդ էր և արժանացել էր օլիմպիական խաղերի ախոյանի (չեմպիոնի) պատվին:

Վարազդատի կարճատև թագավորության շրջանում սպարապետի պաշտոնը շարունակում էր զբաղեցնել Մուշեղ Մամրկոնյանը, որը Փավստոսի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները»: Սակայն նրա վարքագիծը շուտով առաջ բերեց թագավորի դժգոհությունը: Սպարապետը, առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ: Նա կայսրին առաջարկում էր Հայոց աշխարհի ամեն մի գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր զորանիստ կենտրոնների: Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին, սակայն երաշխիք չկար, որ այդ զորանիստներում հռոմեական զորամասեր չէին տեղակայվի: Բուզանդի խոսքերով, կայսրը դրան ուրախությամբ համաձայնեց, որ Հայոց աշխարհը հաստատորեն կապվի Հռոմի հետ:

Առաջին հայացքից դա կարծես թե արվելու էր հանուն Հայոց թագավորության ուժեղացման, սակայն բոլորովին դժվար չէր տեսնել, որ դրա հետևանքով այն, փաստորեն, կդադարեր անկախ երկիր լինելուց: Ինչպես և սպասելի էր, ծրագիրը բացահայտվեց, և սպարապետի հռոմեամետ գործունեությունն առաջ բերեց երկրի անկախության ջատագով նախարարների բուռն դիմադրությունը: Թագավորը սպարապետի վարքագծի մեջ որոշակի վտանգ տեսավ իր արքայական իրավունքների նկատմամբ: Նրա կարգադրությամբ Մուշեղն սպանվեց: Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն:

Հայ նախարարության պառակտումն անկախության ջատագով, հռոմեամետ ու պարսկամետ խմբերի բարդացրեց երկրի առանց այն էլ ծանր կացությունը: Դրանից օգտվեց պարսից արքունիքը, որը, կայսրության արտաքին դժվարություններն օգտագործելով, Հայոց թագավորություն ուղարկեց Մամիկոնյան տոհմի մեկ այլ ներկայացուցչի՝ Մանվելին: Նա առանց թագավորի համաձայնության հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, ապա երկրից քշեց Վարազդատին: Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրություն, սակայն ձերբակալվեց և աքսորվեց:

Մանվել Մամիկոնյանը, որ Հայոց աշխարհ էր եկել որպես պարսից արքունիքի վստահելի անձ, շուտով, երկրի գործերին պարսկական միջամտությունից զայրացած, վռնդեց պարսիկների կողմից նրան օգնություն ուղարկված զորամասը: Նա գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ Արշակ Գ-ին և Վաղարշակին, իսկ ինքը դարձավ նրանց խնամակալը՝ զբաղեցնելով սպարապետի պաշտոնը: Մանվելը վարում էր Հայոց թագավորությունն ուժեղացնելու և նրա անկախությունը պահպանելու քաղաքականություն: Այդ նպատակով նա բարելավեց հարաբերությունները Հռոմի հետ: Մանվելի խնամակալության տարիները եղան երկրի տնտեսական բարգավաճման և խաղաղ զարգացման շրջան:

Մանվելի մահից հետո Արշակ Գ-ն իր չափն անցնող հռոմեամետության պատճառով առաջ բերեց թե’ հայրենասեր և թե՛ պարսկամետ նախարարների դժգոհությունը: Վերջիններս դիմեցին պարսից Շապուհ Գ թագավորին՝ իրենց տալու ուրիշ թագավոր: Պարսիկները 384թ. Հայաստան ուղարկեցին Խոսրով Գ Արշակունուն, իսկ Արշակ Գ-ն ստիպված էր բավարարվել թագավորության արևմտյան մի փոքր հատվածով: Մեծ Հայքի թագավորությունը փաստորեն բաժանվեց երկու առանձին թագավորությունների:

Արշակ III- 378-387

Համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ իր տիրապետության տակ առնել Հայոց թագավորությունը, հռոմեական կայսրը և պարսից արքան որոշեցին այն բաժանել միմյանց միջև: 387թ. կողմերը պայմանագիր կնքեցին, որով Մեծ Հայքի թագավորության Արշակ Գ-ր իշխանության տակ գտնվող երկրամասերը որպես ենթակա թագավորություն անցան Հռոմին, իսկ Խոսրով Գ-ի իշխանության տակ գտնվող երկիրը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին: Դրանով Մեծ Հայքի տարածքում հանդես եկած երկու թագավորությունները վերածվեցին կիսանկախ պետական միավորների:

Շատ չանցած Արշակ Գ-ն մահացավ: Հռոմեացիներն անմիջապես օգտվեցին դրանից և լուծարեցին իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը: Ճիշտ է, այն պահպանում էր մեծ ինքնավարություն, սակայն թագավորության վերացումը սթափեցրեց անգամ հռոմեամետ նախարարներին: Պարսից արքունիքն իր հերթին դեռևս 387թ. իր ենթակայության տակ էր առել հայկական բդեշխությունների տարածքը՝ դրանք դուրս բերելով Արևելահայկական թագավորության կազմից:

Խոսրով IV- 387-389, 415-416

Արևմտյան երկրամասերի որոշ նախարարներ, որոնք դեռ Արշակ Գ-ի թագավորության շրջանում դժգոհ էին նրա իշխանությունից, փորձեցին համաձայնության գալ Խոսրով Գ-ի հետ: Նրանք նույնիսկ Արշակ Գ-ի գանձերը փախցրին և հանձնեցին Խոսրով Գ-ին: Արշակ Գ-ի հետ թագավորության արևելյան երկրամասերից Մեծ Հայքի արևմտյան մաս էին տեղափոխվել մեծ թվով նախարարներ: Եվ երբ հռոմեացիները վերացրին իրենց ենթակայության տակ գտնվող հայկական թագավորությունը, հայ նախարարները նամակով դիմեցին Խոսրով Գ-ին՝ նրան խնդրելով ոխ չպահել և իրենց վերցնել իր ենթակայության ներքո: Խոսրովը, միանգամայն ճիշտ վարվելով, նրանց վերցրեց իր հովանու տակ: Նա նրանց վերադարձրեց իրենց կալվածքները, իսկ եթե ինչ-ինչ կալվածքներ ուրիշների էին հանձնվել, դրանք փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին: Խոսրովը միաժամանակ լուրջ քայլեր ձեռնարկեց տրոհված թագավորության երկու մասերը վերամիավորելու ուղղությամբ: Նա նամակով դիմեց հռոմեական կայսրին՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Հայոց թագավորության՝ կայսրությանն անցած հողերը: Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց Խոսրով Գ-ի խնդրանքին: Վերջինս, կամենալով քաղաքական-իրավական տեսք տալ երկրի վերամիավորմանը, հաստատեց նոր «Գահնամակ»-ը, որում տեղ գտան թագավորության թե’ արևելյան և թե’ արևմտյան մասերի նախարարությունները:

Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը: Հայոց թագավորության վերամիավորումը նրա սրտով չէր, բայց ստիպված եղավ համակերպվել, որովհետև արտաքնապես հնարավոր չէր մեղադրել Հայոց թագավորին: Սակայն երբ Խոսրովն առանց պարսից թագավորի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Սահակ Պարթևին, նրանից բացատրություն պահանջեցին: Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից: Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին: Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան: Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան: Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին: Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը: Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում:

Խոսրովին ազատելու թեկուզև անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին: Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ Գ-ն ամեն ինչ թողեց նախկինի պես: Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր Վռամշապուհին (388-414թթ.):

Վռամշապուհ- 388-414

Վռամշապուհի գահակալության երկար ժամանակաշրջանը եղավ արտաքին խաղաղության և ներքին հանգստության շրջան: Նրա օրոք հայ մշակույթը մեծ վերելք ապրեց, սակայն քաղաքական ասպարեզում՝ հակառակ Խոսրովի, նա իր առջև երբեք մեծ խնդիրներ չդրեց: Վռամշապուհի օրոք հանճարեղ Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի և նրա օժանդակությամբ, ստեղծեց հայոց գրերը: Հասկանալով, որ Վռամշապուհը գտնվում է պարսկական գերիշխանության ներքո, Բյուգանդական կայսրությունը (այդպես էր կոչվում Արևելահռոմեական կայսրությունը 395թ. հետո) գրերի գյուտից շատ չանցած հետ վերցրեց Մեծ Հայքի թագավորության արևմտյան երկրամասերը: Չնայած Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով կրկին Հայոց գահ բարձրացավ պարսկական գերությունից ազատված Խոսրով Գ-ն, սակայն նա գահակալեց ընդամենը մի քանի ամիս: Կամենալով հայերին վարժեցնել օտար տիրապետությանը, պարսից արքան Հայոց թագավոր կարգեց իր որդի Շապուհին (415-419թթ.): Սակայն նրան չհաջողվեց ձեռք բերել հայ նախարարների համակրանքը, և Մովսես Խորենացու խոսքերով «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»: Շատ չանցած՝ Տիզբոն վերադառնալիս նա սպանվեց: 422թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև հաշտություն կնքվեց, որից հետո պարսից թագավորի համաձայնությամբ Արևելյան Հայաստանում գահ բարձրացավ Վռամշապուհի որդի Արտաշես (Արտաշիր) Արշակունին:

Արտաշեսն էլ իր վեցամյա թագավորության ընթացքում չկարողացավ կարգավորել հարաբերությունները նախարարների հետ, որոնք հակադրվում էին նրան: Սահակ Պարթևը հանդես էր գալիս թագավորի հետ ձեռք ձեռքի տված՝ փորձելով ամեն գնով փրկել թագավորական իշխանությունը: Նա ամեն ինչ արեց՝ թագավորին հաշտեցնելու անհնազանդ նախարարների հետ: Սակայն կաթողիկոսը հաջողության չհասավ, քանի որ պարսից արքունիքն իր կողմը գրավեց ոչ ժառանգատեր նախարարներին՝ նրանց հրապուրելով ժառանգատեր դարձնելու խոստումով: Պարսից արքունիքը փորձ արեց իր կողմը գրավել նաև Սահակ Պարթևին՝ խոստանալով նոր տիրույթներ ու առանձնաշնորհումներ: Սակայն հայրենասեր կաթողիկոսը գործարքի չգնաց: Այսուհանդերձ, 428թ. Արտաշեսը պարսից արքունիքի կողմից գահընկեց արվեց, իսկ Սահակ Պարթևը զրկվեց կաթողիկոսական իշխանությունից: Արևելահայկական թագավորությունն ընկավ: Երկիրն անդամահատվեց: Նրանից անջատվեցին և հարևան վարչական միավորներին կցվեցին մի շարք երկրամասեր: Երկրի հիմնական տարածքը վերածվեց մեծ ինքնավարություն ունեցող պարսկական մարզի, որը կառավարվելու էր պարսիկ մարզպանի կողմից:

Հայ ժողովուրդն ստիպված էր համառ ու երկարատև պայքար մղել իր պետական անկախության վերականգնման համար, հասկանալով, որ այդ նպատակին կարող է հասնել միայն ազգային միասնությամբ:

Շապուհ պարսիկ- 414-420

Պարսից Սասանյան արքա Հազկերտ I-ը 416 թ. հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա։ Ըստ Մովսես Խորենացու` հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին։ 419 թ. Իրանում սկսվում են ներքին խժդժումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու, որտեղ էլ և հոր հետ սպանվում է։ Հայաստանում սկսվում է ազատագրական պայքար Ներսես Ճիճրակեցու գլխավորությամբ, ինչպես նաև վերսկսվում են բյուզանդա-պարսկական պատերազմները։

Արտաշես IV- 422-428

Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Դ-ին։ Սակայն Վռամ Ե կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Մեծ Հայքը կցել Պարսկաստանին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ Բյուզանդիայի։

Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Դ լինելով «անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի», հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանում վերացավ Արշակունյաց թագավորությունը։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են Արշակունյաց արքունի գանձերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *